060 272222
Հունվար 27, 2017

Telcell-ն ընդլայնել է ֆինանսաբանկային հատվածի հետ համագործակցությունը

 

«Թել-Սել» ընկերությունը, էլեկտրոնային վճարումների շուկայի զարգացման գործում առաջատարի իր դերին հարիր, 2016թ. ևս շարունակել է ֆինանսական կազմակերպությունների հետ ինտեգրման արդյունավետ քաղաքականությունը:

 

2016թ. Telcell վճարումների ընդունման ցանցին միացել են նաև «Արարատբանկն» ու «Պրոմեթեյ բանկը»: Եվ այս ընկերությունների հաճախորդներն այլևս կարող են իրենց բանկային/քարտային հաշիվները համալրել ու վարկերը մարել Telcell վճարային տերմինալների միջոցով:

 

Բացի այդ, «Անելիք Բանկի» հետ «Թել-Սելի» համագործակցության պորտֆելում ընդգրկվել է բանկային վարկերի մարումը, «Արդշինբանկի» հետ գործակցությունն ընդլայնվել է՝ ներառելով իրավաբանական անձանց հաշվի համալրման գործառույթը:

 

Բանկերի հետ ակտիվ համագործակցությունը սպառողներին առավել մատչելի ու հարմար ծառայություններ մատուցելու «Թել-Սելի» որդեգրած քաղաքականության մաս է:

 

«Մենք ձգտում ենք սպառողների համար հնարավորինս դյուրացնել վճարումների գործընթացը և ողջունում ենք ֆինանսական շուկայի մեր գործընկերների՝ այս ցանկությունը կիսելու պատրաստակամությունը: Սպառող-բիզնես փոխվստահելի ու երկկողմ շահավետ այս գործելաոճն է զարգացման գրավականը»,- համոզված է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը:

 

Բանկերի հետ «Թել-Սելի» համատեղ ծրագրերի կարևոր բաղադրիչ է ինքնասպասարկման գոտիների ստեղծումը: 2016թ. «Արարատբանկն» ու «Պրոմեթեյ բանկը» ձեռք են բերել սեփական տերմինալները և միանալով Telcell պրոցեսինգային կենտրոնին՝ ստեղծել իրենց տերմինալային ցանցը:

 

Ըստ Արամ Ազատյանի՝ «Ֆինանսական ծառություններ մատուցող կազմակերպություններին այսօր բավարար չէ ապահով և վստահելի լինել. սպառողը պահանջում է նաև հարմարավետություն: Սրան է կոչված ինքնասպասարկման գոտիների ստեղծումը: Դրանք ոչ միայն լուծում են ծառայությունները դիվերսիֆիկացված մատուցելու խնդիրը, այլև արդյունավետ գործիք են՝ գործարքների ինքնարժեքի նվազեցման և ավելի շատ պրոդուկտ վաճառելու առումով: Մենք շնորհակալ ենք մեր գործընկերներին՝ Telcell հարթակն ընտրելու և ուրախ ենք մեր տեխնոլոգիաների շնորհիվ օգտակար լինելու համար: Ի դեպ՝ այս տարի մենք բանկերին կառաջարկենք նոր պրոդուկտներ»:

 

«Թել-Սել» ընկերությունն ընդլայնել է համագործակցությունը նաև ոչ բանկային ֆինանսական կազմակերպությունների հետ: «Ֆինքա», «Կամուրջ», «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ», «Առաջին հիփոթեքային ընկերություն», «Ֆարմ կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպությունների հաճախորդներն արդեն հնարավորություն ունեն ազգային և արտարժույթով իրենց բոլոր վարկերի մարման գումարները փոխանցել Telcell վճարային տերմինալների միջոցով՝ ժամանակի 7/24 ռեժիմում:

 

2016թ. ապահովագրական շուկայից Telcell համակարգին է միացել «Ռոսգոսստրախ Արմենիան»: Այսուհետ հնարավոր է մեր վճարային տերմինալների միջոցով կատարել նաև այդ ընկերության ապահովագրական պոլիսի համաձայն ապահովադրից պահանջվող վճարումները:

 

Ընդհանուր առմամբ՝ 2016թ. նախորդ տարվա համեմատ Telcell համակարգի միջոցով հօգուտ ֆինանսական կազմակերպություների վճարումներն արձանագրել են 26% աճ։ 

 

Երբ 10 տարի առաջ «Թել-Սել» ՓԲԸ-ն սկզբնավորեց Հայաստանում նոր բիզնես ուղղություն՝ ինքնասպասարկման տերմինալների միջոցով էլեկտրոնային վճարումների համակարգը, դա նոր մշակույթ էր ոչ միայն սպառողների, այլև գործարար հանրության համար: Այսօր ինքնասպասարկման հնարավորության ընձեռումը պարզապես անհրաժեշտություն է:

 

 

Բոլոր նորությունները
//